ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 27.12.2024, 00:40
  Կայքի Պատմությունից.
 Կայքի գաղափարը եղել է վաղուց ու շատերի մոտ, եղել են բազում փորձեր նմանատիպ կայք ստեղծելու, սակայն որոշ ժամանակ անց դրանք փակվել են ոչ եկամտաբեր լինելու հիմնապատճառով։ ժամանակի ընթացքում սկսել են կայանալ այլ կայքեր, որոնք այս բնագավառի ծիծեռնակներն էին։ Հավանաբար միակը, որը մեծ ներդրում է ունեցել հայ գրականության տարածման գործում, www.armenianhouse.org կայքն է, որն առ այսօր էլ շարունակում է մնալ առաջատարներից մեկը։ Սակայն կար մեկ մեծ բայց. դա գրքերի ազատ հասանելիության խնդիրն էր։ Գրքերը, ինչպես, օրինակ, հենց armenianhouse-ում, մեծամասամբ հասանելի էին միայն ինտերնետային էջերի տարբերակով։ Հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ Հայաստանում հաստատուն և նորմալ ինտերնետը դեռ մնում է ճոխություն, մարդկանց հարկավոր էր կայք, որը կառաջարկեր պարզապես մի լուծում. հնարավորություն կտար ներբեռնել գիրքը համակարգչի մեջ և վերջ՝ վայելել այն անգամ offline վիճակում։
  «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի հիմնադիրներն են Վարդանյան Հակոբը և Ղազարեան Գևորգը։ Նրանք ծանոթացել են Եվրոպական Ակադեմիայում միևնույն կուրսում սովորելու ընթացքում։ Երիտասարդների համար, ովքեր հաճախ էին փնտրում գրքեր ինտերնետում, պարզ դարձավ, որ հայատառ գրքեր հիմնականում չկան այնտեղ, և որ այս խնդիրը հիրավի առաջնայիններից մեկն է։ Խնդիրը լուծելու հստակ նպատակով ՝ նրանք նստեցին սեղանի շուրջ և կայացրին վճռորոշ որոշումներ, որոնք և հիմք ստեղծեցին հայկական առաջին թվային գրադարանի համար։ Կայքն սկսեց աշխատել 2008թ.-ի հոկտեմբերի 24-ից։ Սակայն նրա աշխատանքի սկզբնական շրջանն այնքան հեռու էր իր վերջնանպատակից, որ հստակորեն կարելի է ասել. «Եթե մենք այն ժամանակ իմանայինք, թե ինչպիսի միջոցներ և լուծումների կարիք ենք ունենալու, ապա շատ հավանական է, որ ոչ մի կայք էլ չլիներ»։ Քանզի պարզապես հետաքրքրոթյան համար ստեղծված կայքը հեղինակների կողմից ստանձնել էր մի բարդ պարտականություն՝ տարածել հայկական գիրք և գրականություն։ Հետագա պատմությունն արդեն թվերի և ցուցանիշների պատմություն է, որը քչերին կարող է հետաքրքրել, իսկ թե իրականում ում շնորհիվ է, բացի հիմնադիրներից, կայքը կայացել, հարկ ենք համարում նշել։
  Մենք միշտ ամեն տեղ ու ամեն առիթով նշելու ենք բոլոր այն ազնիվ և կամեցող մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել մեզ,։
1. Նախ ՝մեր ծնողներին, ովքեր ըմբռնումով էին մոտենում հարցին, երբ մենք մի կողմ էինք թողնում ուսումն ու զբաղվում կայքի աշխատանքներով։
2. Տիկին Սոնա Արշունեցուն՝ բելգիահայ սիրալիր կնոջը, ով մեզ առաջինը որոշեց օգնել նյութապես։
3. Ստելլա Հովսեփյանին՝ Դավիդ Հովսեփյան վաղամեռիկ գրողի մորը, ով այնքան սիրալիր է, որ իր սիրով ու աշխատասիրությամբ կարող է սարեր շուռ տալ։ Մենք նաև գիտենք նրա նպատակներից մի քանիսը՝ կապված իր տղայի հետ (ում հիշատակը թող միշտ պայծառ մնա), և ամենաառաջին իսկ հնարավորության դեպքում ամենաջերմ օգնության ձեռք ենք մեկնելու այդ հարցերը լուծելու համար։
4. Մեր մտերիմ ընկերներին՝ Աննա Իսրաելյանին` համակարգչային դիզաjներ, Րաֆֆի Օհանյանին` ծրագրավորող, ով արդեն գտել է իր իսկական ուղին (Հայ Սուպերսթար 4-րդի հաղթող), և ինչպես Պրոմեթևսն էր համառ իր գործերում, այնպես էլ նա նմանատիպ համառությամբ հասավ իր նպատակներից շատերին։
5. Մենք ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Վահագն Վարդումյանին, ում տրամադրած լուսապատճենահանման սարքն է հենց օգնում մեզ բոլորիս վայելելու հայատառ գրականության գոհարները թվային աշխարհում։
6. Կայքի բոլոր հեղինակներին՝ Աիդա Մնացականյանին, Սաթենիկ Ղազարյանին, Նաիրա Մխիթարյանին, Ջուլիետտա Մնացականյանին  և մյուսներին վստահության ու փոխգործակցության համար։
7. Armenianhouse կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանին, ում առաջադեմ ու խոհեմ խորհուրդները մեզ շատ են օգնել, և մենք՝ հատկապես Ղազարեան Գևորգս, շատ ուրախ ենք այն նմանը չունեցող  դեպքի համար, երբ մենք կարողացանք մտերմանալ. նմանատիպ դեպքերը դասվում են պատահականությունների շարքին, սակայն մենք երբեք այսպիսի դեպքերը պատահականություն չենք համարում, քանզի այնպիսի մի կենսատու ու կյանքով լի մոլորակում, ինչպիսին մերն է, բացառվում են պատահականությունները։ Ավելի հաստատելու համար ասվածը՝ մեջբերենք Խորխե Լուիս Բորխեսի խոսքերը . «...բոլոր անհոգությունները մտածված են, պատահական բոլոր հանդիպումները պայմանավորվածություններ են ...»։ 
  Շնորհակալ ենք նաև Քեզ, սիրելի´ Այցելու ... 
 
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: