1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի էր ենթարկել Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք փաշաներին: Բայց այդ վճիռը տարբեր պատճառներով չիրագործվեց: Իսկ ոճրագործները մնացին անպատիժ:Սակայն նրանց վիճակված չէր մեռնել սեփական մահով... Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:Այս սպանությունները իրագործած հայ վրիժառուների մեջ աչքի է ընկնում Սողոմոն Թեհլերյանը: Նա առաջինն էր, որ նման ծրագիր իրականացրեց, և միայն նա արդարացվեց դատարանում:Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝[1] ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել հայերի ցեղասպանությունը կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը,Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:
|