Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»:
Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես
Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է
մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում,
նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը
մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա
մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում
ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ
երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին:
Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության,
ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի
գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական
աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է
նախադեպ չունեցող աշխատության ստեղծմանը` գրում է հայ ժողովրդի ամբողջական
պատմությունը, Հայկ նահապետից մինչև իր օրերը: «Պպատմություն հայոց»
մատենագրի արժանիքներից է նախ պատմագրության գիտական օրենքներին մոտ
լինելը և, երկրորդը, այն հանգամանքը, որ հայ պատմագրի տեսադաշտում մշտապես
գտնվել են նաև հեռավոր ու Հայաստանին հարակից երկրների պատմությունները և
դրանց ազդեցությունը մեր երկրի պատմական անցքերի վրա: