Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Քրիստոնեության մուտքը Հայաստան և այնուհետև դրա տարածումն անցել է դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Քրիստոնեությունը Հայաստան է ներթափանցել ավելի վաղ` մ.թ. 1-ին դարում (60-68թթ.): Այն երկրում տարածել են Քրիստոսի երկու աշակերտները` Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Նրանք Հայաստան էին եկել Ասորեստանից և Կապադովկիայից, հայտնի էին որպես հայոց աշխարհի լուսավորիչներ, մկրտում էին իշխանական ընտանիքներին և հասարակ մարդկանց:Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր, իսկ հեթանոսները մեծամասնություն էին կազմում: Այս իրավիճակը տևեց մինչև 301 թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց հայոց թագավորին, թագավորական ընտանիքին, նախարարներին, Սյունյաց իշխանին ու նրա զորքին:Հայ Առաքելական եկեղեցին հայերի ազգային եկեղեցին է: Նրա հոգևոր և վարչական կենտրոնը Էջմիածինն է, իսկ հոգևոր առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այժմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն. Ս. Տ. Տ. Գարեգին Բ-ն է: Հայաստանը համարվում է քրիստոնեական թանգարան բաց երկնքի տակ, Հայաստանի տարածքում կան բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ` տաճարներ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, հին ձեռագրեր և այլն: Հայկական եկեղեցիներ և վանքեր են կառուցվել երկրի ողջ տարածքում` անմատչելի լեռնային բարձունքներում, խոր կիրճերում, անտառներում և այլուր: Այս վանքերը ծառայել են որպես կրթական և լուսավորչական կենտրոններ, հետազոտական դպրանոցներ և մեզ ապշեցնում են իրենց բացառիկ ճարտարապետությամբ, ուսանելի պատմությամբ և խորհրդավոր ոգով: Ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում այս վայրերը:Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն հայկական գրերի ստեղծումից հետո 5-րդ դարում, Աստվածաշունչն էր: Աստվածաշունչն ու Ավետարանը բազմիցս արտագրվել են հայ հոգևորականների կողմից, և այսօր Մատենադարանում պահպանվող 14000 հին ձեռագրերի 20% Աստվածաշունչ ու Ավետարան է: 2001թ. Հայաստանը նշեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակը: Հին քրիստոնեական ավանդույթների պահպանման հետ մեկտեղ հայերը մայրենի լեզվով գրված առաջին նախադասությանը վերաբերում են որպես լուսավորության և առաջադիմության պայքարի պատվիրան. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
|