20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ 1 տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը:Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պոիլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել:1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ: 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է Լենինգրադի (Պետերբուրգի) համալսարանի աստղադիտարանը:Համբարձումյանը վերադարձել եւ հաստատվել հայրենիքում 1943թ եւ անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ: 1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով` նախագահել մինչեւ 1993թ:1946թ Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը եւ տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով, ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով, Խաղաղօվկիանոսյան եւ Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների ոսկե մեդալներով, Բեռլինի ԳԱ Հելմհոլցի անվան մեդալով եւ բազմաթիվ այլ պարգեւներով: Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային հերոս է:Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին եւ թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը: Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր:
|