Անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանի
Բորուջեր քաղաքում 1937թ հոկտեմբերի 13-ին: 1950-55թթ ուսանել է Թեհրանի
կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է ուսումը
շարունակելու Վիենայի երաժշտական ակադեմիայի ջութակի ֆակուլտետում
1961-65թթ, հետո կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում 1965-66թթ:
1970-75թթ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի
տնօրենն է եղել եւ ներկայացուցիչ-կոմպոզիտորը, հետո էլ օպերային թատրոնի
գլխավոր դիրիժորը, Փեհլեւի մշակութային հիմնադրամի երաժշտական գլխավոր
տնօրենը: 1975թ ապրել եւ աշխատել Վիենայում, հետո Նյու-Յորքում, ապա Լոնդոնում: 1978թ Լոնդոնում հիմնել է հայկական երաժշտակա ինստիտուտ: 1989թ Հայաստանի իշխանության հրավերով եկել է Հայաստան եւ երաժշտական բուռն գործունեություն ծավալել հայրենիքում:
1989-2000թ ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը` եղել է
գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Կազմակերպել է սիմֆոնիկ
երաժշտական փառատոններ` "Աշխարհը եւ մենք”, "Արամ Խաչատրյան-90”, "Եղեռնից
մինչեւ անկախություն…”, ինչպես նաեւ "Հոգեւոր երաժշտական ժամ”,
համերգաշարը եւ այլն: 1991թ Գյումրի կատարած ուխտագնացության
ժամանակ հիմնել է Գյումրու մշակույթի կենտրոնը եւ դարձել է տեղի սիմֆոնիկ
նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավարը: Նույն տարում Երեւանում
հիմնել է "Երիտասարդ սիմֆոնիկ նվագախումբ”, իսկ 1994թ Հայաստանի
ֆիլհարմոնիկ երգաչախումբը: Նրա գրչին են պատկանում "Աղավնու վանքը”
1961թ, "Ռուստամ եւ Զոհրաբ” 1962-64թթ, "Փարդիս եւ Փարիսա” 1972թ
օպերաները, "Ֆանտաստիկ” 1958-61թթ, "Սիմոնգ” 1975թ, "Օթելո” 1984թ
բալետները, ինչպես նաեւ բազմաթիվ օպերետաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ,
նվագախմբային, խմբերգային, կինոերաժշտական ստեղծագործություններ:
1971թ Իրանում արժանացել է "Հոմայուն”, իսկ 1978թ հայկական եկեղեցու Սբ.
Սահակ-Սբ. Մեսրոպ շքանշանին, 1996թ ՀՀ կառավարության կողմից պատվավոր
Մովսես Խորենացի մեդալի:1991թ հայ դիրիժորին արժանացրել են Երեւանի պատվո քաղաքացու կոչման: