Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի
հիմնադիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ) Համո
Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երեւանում: 1914թ-ից սկսել է
նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի
շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առեւտրի ինստիտուտը (մինչ այդ
պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի
կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր:1923թ
Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել "Հայֆիլմ”
կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը`
"Նամուս”-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի
ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ
դրսեւորելու իր տաղանդի ահռելի ուժը: Դրա վառ ապացույցն այն էր, որ
1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ
լինելով, որ այնտեղ կինոարտադրության եւ ստեղծագործական գործունեության
համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան:Այդ տարներին նա սիմվոլիկ
գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են "Զարե”, "Շոռն
ու շոռշոռը”: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` "Պեպո”-ն,
դարձավ ոչ միայն Բեկնազարյանի շեդեվրը, այլեւ տեղ գտավ ժողովրդական կինոյի
ոսկե պահոցում: Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի
ֆիլմեր` "Դավիթ Բեկ” (1943թ) եւ "Զանգեզուր” (1938թ): Վերջինի համար
ժողովուրդների հայր Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: "Երրորդ
քարավան” ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի
ամենահաջողված ֆիլմը, մնաց անավարտ, քանի որ նկարահանումները կեսից
արգելեցին եւ նախագիծը փակեցին: Բեկնազարյանը խոր ցավով եւ կսկիծով
լքեց "Հայֆիլմ” կինոստուդիան ու Հայաստանը եւ սկսեց ֆիլմեր նկարել
միջինասիական հանրապետություններում: Հայ կինոյի հիմնադիրը 1965թ
ապրիլի 27-ին մահացել է ծանր հիվանդությունից` Մոսկվայում` հեռու
հայրենիքից եւ հարազատներից, միայնության մեջ: