Հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է
ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։
1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել
Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության
և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը
տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ
կապերի մեջ եղել Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի
հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ, կազմել ու հրատարակել է
«Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911–ին անցել է Կ.Պոլիս, դասավանդել
կեդրոնական և Էսայան վարժարաններում։1915–ից ապրել է Եվրոպայում, 1919–ին վերադարձել է Անդրկովկաս։Շանթի
ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890–ական թթ. հրատարակել է
բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, ինչպես նաև գրել է վիպակների
մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները»,
«Վերժին», «Դարձը», «Դերասանուհին»): Շանթի ստեղծագործության
նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է,
ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ/ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի
համար» (1906), «Ճամբուն վրա» (1909), «Հին աստվածներ» (1909), «Կայսրը»
(1916), «Շղթայվածը» (1921), «Օշին Պայլ» (1932)/: «Հին աստվածները»
դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել
են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի
զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման
ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական,
բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի
շարք աշխատություններ։
Թարգմանել է Մ.Լերմանտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է.Վոյնիչի «Բոռ» (1906)
վեպը, Հ.Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։ |