Հայ ազգային հերոս, ֆիդայի, քաղաքական եւ ռազմական հմուտ գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Դրաստամատ Կանայանը (ավելի հայտնի է Դրո անվամբ) ծնվել է 1884թ մայիսի 31-ին` Իգդիրում եւ այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:Ավելի ուշ հայրը տղային տեղափոխել է Երեւանի գիմնազիա, որտեղ էլ Դրոն անցել է դպրոցի երիտասարդական գաղտնի շարժման շարքերը, որը դեմ էր Ցարական կառավարությանը եւ նպաստում էր Հայ ազգային ազատագրական շարժմանը: 1903թ-ից անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:Առաջին Աշխարհամարտի ժամանակ եղել է Հայ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարը: Նա հմուտ ռազմական գործչի համբավ է ձեռք բերել Օսմանյան բանակի դեմ "կովկասյան օպերացիա"-ն հաջողությամբ իրականացնելու համար:1918թ մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հերոսամարտը:1918-20թթ զբաղեցրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը: Որպես երկրի ռազմական ղեկավար` 1918թ հայ-ադրբեջանական, ապա հայ-վրացական, իսկ ավելի ուշ (1920թ) հայ-թուրքական պատերազմներում գլխավորել է հայկական զորքերը: 1920թ-ին` երբ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց անկախությունը եւ մտավ Խորհրդային Միության կազմի մեջ, Դրոն գաղթեց Իրան, այնտեղից էլ` Գերմանիա:Երկրորդ Աշխարհամարտից հետո Դրոն ձերբակալվել է ամերկյան զինված ուժերի կողմից, սակայն շուտով ազատ է արձակվել եւ բնակություն հաստատել Լիբանանում: 1956թ բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ եւ մարտի 8-ին մահկանացուն կնքել Բոստոնում:2000թ մայիսին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ հողին հանձնվել Ապարանում:
|