Հայազգի մեծ դերասան եւ գրող Վահրամ Փափազյանը ծնվել է 1888թ` Պոլսում: Սովորել է Գատը գյուղի դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո` Միլանի գեղարվեստի ակադեմիայում:Փափազյանն իր դերասանական կարիերան սկսել է 1907թ-ից` սկզբում խաղալով Ստամբուլի թատրոններում, ապա իտալական շրջիկ թատրոնում, իսկ հետո շարունակել Փարիզի բեմերում: 1922թ եկել է Հայրենիք եւ աշխատանքի անցել պետական թատրոնում: Այնուհետեւ աշխատել է Բաքվի եւ Թբիլիսիի թատրոններում: Խաղացել է Ռուսաստանի բազմաթիվ բեմերում: Խորհրդային Միության տարիներին համարվել է Շեքսպիրյան հերոսների լավագույն մարմնավորողը` հատկապես փայլել է Օթելլոյի եւ Լիր արքայի դերակատարումներով:1954թ վերահաստատվել է Հայաստանում եւ մինչեւ մահ խաղացել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում` համարվելով բեմի աստղը: Փափազյանը նաեւ հեղինակել է գրական երկեր: Հայտնի ստեղծագործություններն են` “Հետադարձ հայացք” հուշագրությունը, “Վանա կատուն” եւ այլն: Դերասանը փորձեր է արել նաեւ կինոյի աշխարհում: Մահացել է Երեւանում` 1968թ: Նրա անունն է կրում Ստեփանակերտի պետական թատրոնը:
|