Հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865թ Շապին Գարահիսար քաղաքում: Սկզբնական ուսումը ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Արեւմտյան Հայաստան: Այնտեղ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը: 1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդրանիկը մեկնում է եվրոպական երկրներ` այնտեղի հանրությանը ծանոթացնելու արեւմտահայերի ազգային ազատագրական պայքարի գործին, կազմակերպելու պահանջվող զենքի եւ զինամթերթի մատակարարման հարցերը: 1912թ Անդրանիկը զինվորագրում է մեծ թվով հայ կամավորականների, որոնցից կազմված խումբը մտնում է բուլղարական բանակի կազմ: Նրանք մարտական բարձր պատրաստվածություն են ցուցաբերում Առաջին Բալկանյան պատերազմում:Առաջին Աշխարհամարտի մեկնարկի հետ Անդրանիկը վերադառնում է Կովկաս: Ձեւավորելով առաջին հայկական կամավորական գունդը` Անդրանիկը ղեկավարում է թուրքական բանակի դեմ մղված կռիվները: 1915-16թթ Կովկասյան ճակատում կռված հայկական գնդի հրամանատարությունը հմուտ իրականացնելու համար Զորավար Անդրանիկը պարգեւատրվում է Գեւորգյան 4-րդ կարգի մեդալով, Գեւորգյան 4-րդ եւ 3-րդ կարգի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ կարգի սրով եւ Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշանով: Հատկապես առանցքային դեր է ունենում Դիլմանի նշանավոր ճակատամարտում, երբ մարտավարական հնարքով թուրքական բանակը կիսում է երկու մասի, ապա շփոթության մատնված երկու թեւերը սկսում են կրակել միմյանց դեմ:Հայ զորավարը ղեկավարել է նաեւ 1915թ ապրիլի 15-18 Մուղանջուղի մոտ մղված մարտերը` պաշտպանելով Կովկասը թշնամու ներխուժումից: 1918թ հունվարին թուրքական բանակը մտնում է Էրզրում եւ Վան` իրականացնելով լայնածավալ հարձակումներ բոլոր ուղղություներով: Նրանց հաջողվում է գրավել Երզնկան, Տրապիզոնը, առանց դիմադրության հանդիպելու մտնում են Բաթում եւ առաջ շարժվում Սուխումի ուղղությամբ: Ապրիլի 15-ին գրավում են Կարսը, մեկ ամիս անց` Ալեքսանդրապոլը:1918թ մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցնում է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Այնուհետեւ մարտերը շարունակվում են Ղարաքիլիսայի ուղղությամբ: Կարեւոր է Անդրանիի դերը նաեւ Զանգեզուրի պաշտպանական մարտերում:Առերեսվելով Անտանտի դաշնակիցների հակազդեցությանը, նաեւ հակասություններ ունենալով Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ` Անդրանիկը 1922թ հեռանում է արտերկիր: Անկասկած Անդրանիկի ներկայությունը կբարձրացներ հայկական բանակի զինվորների ոգին եւ կմեծացներ զինուժի մարտունակությունը: Զորավար Անդրանիկի միջադեպը հերթական անգամ ցուցադրում է հայության միասնական լինելու առանձնակի կարեւորությունը: Մեծ զրավարը մահացել է 1927թ օգոստոսի 31-ին` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, իսկ այտեղից 2000թ` Հայաստան եւ վերջնական հանգրվան գտել Երեւանի Եռաբլուր պանթեոնում:
|