Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ
եւ ամենաազդեցիկ դեմքն է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության
հիմնադիրն ու առաջին նախագահը։Նրա կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ
ազդեցություն ունեցավ թե ՀԲԸՄ-ի, եւ թե ողջ հայության ինքնակազմակերպման
եւ հայապահպան ծրագրերի իրականացման համար։Պողոս Նուբարի անձի մեջ խտացել էին հայ գործարարի, դիվանագետի ու մարդասերի ամենակարեւոր հատկությունները։Պողոս
Նուբարի անհատականության վրա անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա
հայրը՝ Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով իր բացառիկ
կարողությունների շնորհիվ եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա,
լայնամասշտաբ աշխատանք տարել եգիպտահայերի կրթական եւ սոցիալական
խնդիրների լուծման ոլորտներում։ Պողոս Նուբարը հոր պես խելացի էր եւ
աշխատասեր, կիրթ էր ու նրբանկատ, նախաձեռնող ու իրականացնող։Պողոս Նուբարը ծնվել է 1851 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավոր կրթություն
ստանալուց հետո, հիմնավոր երկրագործական կրթություն է ստացել նախ
Ֆրանսիայում, ապա Շվեյցարիայում։ Ավարտելուց հետո որպես
ճարտարագետ-երկրաչափ աշխատել է Ֆրանսիայի հանքերում, երկաթուղում, աչքի է
ընկել իր նորարարություններով եւ հետաքրքիր նախաձեռնություններով, ստեղծել
է կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ արորը(տրակտորը), որի համար 1900
թ. Փարիզի ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ, ֆրանսիական Պատվո լեգիոնի
ասպետության խաչը, ինչպես նաեւ Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության
ոսկե շքանշանը։ Իսկ 1906 թ. կրկին ոսկե մեդալի է արժանացել Միլանի
ցուցահանդեսում։1912
թվականին Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Պողոս
Նուբարը նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար եւ լիազոր
ներկայացուցիչ՝ հայկական հարցի վերաբերյալ եվրոպական երկրներում
գումարվելիք համաժողովներում հայ ժողովրդի դատը եւ իրավունքները
հետապնդելու մանդատով։ Իհարկե, նա մինչեւ իր կյանքի վերջը դառնացած էր, որ
չհաջողվեց մասնակցել մեծ տերությունների Բեռլինի վեհաժողովին եւ
ներկայացնել իր բարենորոգությունների ծրագիրը։Մեծ բարերար եւ ազգային գործիչ Պողոս Նուբարը մահացել է 1930 թվականին,
իր սիրելի կնոջ՝ Մարիի մահվանից մեկ տարի անց, իր ողջ կյանքի ընթացքում
վառ պահելով ընտանեկան սերը եւ անսահման նվիրվածությամբ ծառայելով հայ
ազգին ու հայրենիքին։