Հայ դրամատուրգ, թատերագետ, հասարակական գործիչ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825թ հունիսի 29-ին` Թիֆլիսում: Նախնական կրթությունը (1832-37թթ) ստացել է Շահան-Ջրպետյանի անվան դպրոցում` մայրենիից բացի սովորելով տարբեր օտար լեզուներ: 1838-40թթ ուսումը շարունակել է Արզանյանների պանսիոնում, իսկ 1840-46թթ` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Ավարտելուց անմիջապե հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:Համալսարանն ավարտելով` պաշտպանել է թեկնածուական թեզը եւ կարճ ժամանակով պաշտոնավարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա որպես թարգմանիչ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում:Պետերբուրգյան թատրոնները նրա մեջ մեծ սեր են արթնացրել թատերական արվեստի նկատմամբ: Գրական գործունեություն սկսել է ծավալել 1860-ականներից:Հայ դրամատուրգիայում սունդուկյանական մոտեցումները նախադեպ են դարձել: Նա է առաջինը ներկայացրել հասարակության ստորին խավերի կյանքն ու կենցաղը:Սունդուկյանի առաջին գործը "Գիշերվա սաբրը խեր է” կատակերգությունն է եղել: Ավելի ուշ գրվել են "Խաթաբալա”, "Եվ այլն կամ նոր”, "Սեր եւ ազատություն”, "Ժառանգություն” եւ շատ այլ պիեսներ: Առավել մատչելի դարձնելու համար իր գործերը` Սունդուլյանը գրել է թիֆլիսյան խոսակցական բարբառով:Հայ դրամատուրգի գործերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:Գեղարվեստական խոսքի այդ անզուգական վարպետի արտահայտություններից շատերը մտել են մեր կենցաղ` դառնալով թեւավոր խոսքեր:Սունդուկյանի դրամատուրգիան դպրոց է դարձել շատ ու շատ հայ դերասանների համար:Մահացել է 1912թ մարտի 29-ին` Թիֆլիսում:Երեւանի դրամատիկական թատրոնը կրում է Գաբրիել Սունդուկյանի անունը: Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Անդրկովկասում
կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական
սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության
մեջ։ Դ. Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի
Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց
մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա
առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը,
խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության,
երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների
փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր
խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել
հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել
նրանց ազնվությունը, մարդկայնությունը։Հետևելով ժամանակի առաջավոր
գեղագիտական մտքին, նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և
նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։
Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում
է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն
է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է
լուսավորական գաղափարներ։ 1866–ին գրեց «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն
կինքումը», իսկ 1869–ին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։
Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ
հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում
բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է
խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։
|