Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:
Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը: Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը, փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ: Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր — Մարուքի բա րերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո — Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել:
Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց և ասաց.— Գնաս բարով, թող ճանապարհդ փշեր չտեսնի:Հայրս չհամբուրեց ինձ: Այդ լռին և ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գուրգուրանքով: Բայց, նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, ես զգացի՝ որքան խոր է նրա վիշտը: Կյանքի դաժանությունը ստիպել էր նրան բռնել իր միակ որդու ձեռը և գցել անհայտության ծովը, լավ զգալով, որ նա լողալու համար չունի ոչ մի փորձ:Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը բախտ որոնելու: Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել: Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար:
Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր:Յոթ օր առաջ նա իր նոր կառուցվող տասնումեկերորդ տան վրա արհեստավորներին պատվերներ տալիս մարմնի մեջ զգաց անսովոր ցուրտ, եկավ տուն, պառկեց անկողին և այլևս չկարողացավ վեր կենալ: Բժիշկները մարդուն ուշադիր քննեցին և միաձայն հաստատեցին թոքերի բորբոքում:Լուրը նույն ժամին տարածվեց ամբողջ քաղաքում: Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր և հանքատեր Մարկոս Ալիմյանին — այդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը: Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ:
1859 թվականի մայիս ամսին պատահած երկրաշարժը մեծ թշվառություն էր Շամախու համար: Բավական ծաղկած և կանոնավորված նահանգական քաղաքը մի րոպեում կերպարանափոխվեց, դարձավ ավերակ: Ստորերկրյա զորեղ հարվածը մի ակնթարթում դուրս թափեց փողոցները հազարավոր ընտանիքներ, որոնք մինչև այդ րոպե հանգիստ իրանց տներում նստած` չգիտեին բնությունն ինչ դժբախտություն է պատրաստել իրանց համար: Հայ, ռուս, թուրք, բոլորը խառնվեցին — իրարու, և փողոցներն ու հրապարակները մի րոպեում սևացան մարդկանցով: Բարձրացավ աննկարագրելի աղմուկ, խլացուցիչ դղրդոց: Քառասուն հազար բնակիչների միաձայն գոռում ու գոչումները, խառնվելով փլատակվող շինությունների թնդումների հետ, ականջներ էին խլացնում:Ընդհանուր աղմուկին մասնակցում էին տնային կենդանիների աններդաշնակ ձայները:
Ատրպատականի հայաբնակ գյուղերից մինի մեջ, Զարեհավան նահանգում, վաղուց արդեն բնակվում էր ծերունի Հովասաբը, բարի և երկյուղած հայ-քրիստոնյա մարդը, որ Ծաղկավանում հյուրասեր շինականներից մեկն էր՝ հարուստ յուր մի քանի օրավար հողերով, խաղողաբեր այգիով և արհեստական անտառով: Նրա ոչխարների հոտը և ձիերի ու մատակների երամակը արածում էին յուր սեփական արոտամարգերում: Նրա ծանր և մեծ գութանը, նրա արծաթափայլ արորը ձգում էին յուր զորեղ գոմեշները, գեր ու պարարտ եզները:
Մի գեղեցիկ պարտեզ: Ձախ կողմն երևում է Թաթուլյանների հոյակապ տան շենքը: Ներքևը մի մեծ դուռ, որի փեղկերը բոլորովին բաց են և որտեղից մինչև պարտեզն իջնում են քարե սանդուղքի աստիճանները, որոնց վրա այս ու այն կողմը շարված են մեծ-մեծ ծաղկամաններ` զանազան հազվագյուտ բույսերի թփիկներով: Բեմի առաջնակողմում պարտեզին համեմատ մի հրապարակ տեղ: Տեղ-տեղ նստարաններ: Լուսնկա պարզ գիշեր է: Տունը բոլորովին լուսավորված է: Նախքան վարագույրի բարձրացնելը բեմի ետևում դաշնամուրի վրա «վալս» են նվագում և կտրում են վարագույրը բարձրացնելուց փոքր ինչ հետո:
Մարգարյանի սենյակը համեստ, բայց ճաշակավոր կահավորանքով: Դիմացը երկու դուռ, ձախ դուռը տանում է դեպի նախասենյակ, աջ դուռը՝ դեպի ննջարան: Ձախ կողմը երկու լուսամուտ, գրքերի պահարան և գրասեղան, գրասեղանի վրա գրքեր, թղթեր է դրության պարագաներ և լամպ կապույտ լուսամփոփով: Աջ կողմը գահավորակ, երկու բազկաթոռ և կլոր սեղան. սեղանի վրա ալբոմ և մեծ լամպ: Պատերին նկարներ: Ուր հարկն է՝ աթոռներ:Գիշեր է: Սենյակը մութն է: Լսվում է դռան զանգակի ձայնը: Երկար միջոց անցնելուց հետո մտնում են ձախ դռնից Թաթոսը և Թուսյանը: Վերջինիս ձեռքին մի մեծ, ջարդված ճամպրուկ:
Բաթումիից երկաթուղու մարդատար գնացքը սլանում էր դեպի Թիֆլիս: Թեև ամառը դեռ չէր վերջացել, բայց օդի մեջ արդեն զգալի էր վաղահաս աշնան ցուրտ շունչը, որ գուժկան էր 1890-91 թվականի խստաշունչ ձմռան: Շոգեմեքենայի և վագոնների հանած միակերպ աղմուկն ուղևորների համար անլսելի էր կացուցանում փոթորկի ձայնը, որ կատաղորեն սուլում ու մռնչում էր դուրսը, Իմերեթի Լեռնուտների վրա: Նկատելի և հազիվ լսելի էր լինում միայն, թե ինչպես անձրևի խոշոր կաթիլներն ուժգնությամբ զարկվում էին վագոնների փակ լուսամուտների ապակիներին և թրջում: Արտասվող ապակիների միջից ոչինչ չէր երևում դուրսը: Միայն հաճախ, երբ գնացքն անցնում էր փորված տեղերով, հանկարծ երևում և արագորեն, կարծես պտտվելով, հակառակ կողմն էր վազում բարձր մնացած հողաթմբերի մուգ զանգվածը:
Այժմ ես կարող եմ այդ կնոջ մասին խոսել, որովհետև նա այլևս չկա... Տարիներ են անցել այն օրից, որ նա իր վերջին բարևը տվավ այս աշխարհին, թողնելով յուր հիշատակն անծանոթության մեջ: Նրա գերեզմանը վաղուց ծածկվել է կանաչով, և շուրջ տնկված ուռենիները մեծացել, ուռճացել են և իրենց քաղցր սոսափյունով օրհներգներ են մրմնջում նրա արդար հոգվո համար:Մեր այս ինքնապաշտ ժամանակում, երբ անձնվիրությունը դարձել է անգյուտ, ըստ որում մարդիկ նրա պաշտամունքը հատկացրել են անձնասիրության, այդ կինն յուր սեռի մեջ միակն էր ու առաջինը, որ հասարակաց բարվույն նվիրվելու ծանրագույն խաչն ստանձնեց, առանց սակայն աշխարհում ձայն ու աղմուկ հանելու:
Առավոտյան տասն ու մեկ ժամն էր: Այրի Նատալիան զգուշությամբ բաց արավ յուր երիտասարդ կենողի սենյակի դռներն և հարցրեց. Պարոն Ռոստամյան, սուրճ կկամենա՞ք անուշ անել: Ուղարկեցեք մի բաժակ, ասաց Ռոստամյանը, որ սեղանի մոտ նստած, զբաղված էր գրությամբ:Այրին դռները ծածկեց և մի րոպեից հետո կրկին երևեցավ, երկու ձեռներով բռնած մի մատուցարան, որի վրա դրած էին մի բաժակ սուրճ և մի բուռ քաղցր պաքսիմատ: Այսօր ես եմ եփել, Պետրեն միշտ փչացնում է, ասաց նա, և բաժակը վերցնելով, հանդիսավոր կերպով դրեց Ռոստամյանի առջև: Մինչև բաժակն դատարկելն այրին, նստած յուր կենողի դեմ ու դեմ, նայում էր նրա երեսին: Հավանեցի՞ք, հարցրեց նա, երբ Ռոստամյանը շտապով խմեց սուրճն ու վերջացրեց: Շնորհակալ եմ, շատ լավն է, պատասխանեց վերջինն և գրիչը վերցրեց:
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:Նա գտնվում էր Այրարատ նահանգի Մազազ ու Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղա լեռան մի ոստի վրա, որը վերջին դարերում, յուր ծոցում գտնվող Ս. Գեղարդի անունով Գեղարդասար կոչվեցավ:
Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Մութը դեռ չէր կոխել երկիրը: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից` մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես: Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում:
Ես սիրում Էի նրան:Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միսյն թե նա հրամայեր:
Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ։ Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, էն ա, հոգին առավ։